Ռուս հայտնի զինագործ, գեներալ Միխայիլ Կալաշնիկովի 95-ամյակին ընդառաջ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում կտեղադրվի Կալաշնիկովի արձանը։ Մինչեւ այդ հունիսի 23-ին ռազմաբազայում բացվեց Կալաշնիկովի անվան հուշատախտակ, որի օծման արարողությանը մասնակցելու համար Գյումրի էր ժամանել ՌԴ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը։
«Մեծ հպարտություն է, որ մենք այսօր բացեցինք մեծ հերոսի հուշատախտակը, եւ ես իսկապես ուրախ եմ, որ այն հենց Գյումրիում է, մեր ապագա սերունդը հնարավորություն կունենա ծանոթանալու Կալաշնիկովի կյանքին ու նրա կատարած մեծ գործին»,- NEWS.am-ին ասաց Հրաչյա Պողոսյանը:
Պատվիրակության ներկայացուցիչները շրջեցին ռազմաբազայի տարածքում, ծանոթացան առաջիկա օրերին բացվելիք՝ ռազմաբազայի պատմության թանգարանի շենքին, որտեղ նախատեսվում է նաեւ անկյուն հատկացնել հայտնի զինագործի իրերի ու AK 47 ինքնաձիգի ցուցադրման համար:
NEWS.am-ի հետ զրույցում ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, գնդապետ Յուրի Կլյոնովն ասաց, որ Կալաշնիկովի արձանը նույնպես տեղադրվելու է թանգարանի տարածքում։ Պատվերը տրված է, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն արդեն աշխատում է դրա վրա։
«Հնարավոր է՝ աշնանն արդեն կարողանանք տեղադրել մեր հերոսի արձանը, եթե քանդակագործը մինչեւ այդ ավարտի գործը»,- ասաց գնդապետ Յուրի Կլյոնովը:
Միխայիլ Կալաշնիկովի արձանը տեղադրելուց հետո կսահմանվեն հատուկ օրեր այցելուների համար։
Պատվիրակության անդամներն այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հուշակոթողին, ծաղկեպսակ դրեցին։
Պավիրակության անդամները զարմանք հայտնեցին, որ քաղաքային իշխանություններն անտեսել են հունիսի 22-ը՝ Մեծ հայրենական պատերազմի մեկնարկի օրը։














