Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանը պնդում է, որ իր եւ վկա Հենրիկ Զաքարյանի միջեւ 2 տուփ սուրճի մասին խոսակցություն չի եղել, դատարանում հրապարակված իր հեռախոսազրույցների արձանագրությունների կեսն էլ իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, դատական հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

«2 տուփ  կոֆեի մասին խոսակցություն չի եղել, հեռախոսազրույցների կեսն էլ սարքած է, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Նշենք, որ վկա Հենրիկ Զաքարյանը նախաքննական ցուցմունքում էր խոսել «2 տուփ կոֆեի» մասին, որն իբրեւ 2000 դոլար կաշառքի ծածկանունն էր։

Պահեստազորի գնդապետը նաեւ ասաց, որ մի քանի օր է, ինչ 3 կալանավորի տեղափոխել են իրենց խցից, արդեն մահճակալաները բավականացնում են, սակայն դժգոհեց խցի սանիտարահիգիենիկ պայմաններից։

Նշենք, որ այսօր ազատամարտիկնեը որոշել են բոյկոտել դատական նիստը։ Նրանք նիստին չեն մասնակցում, բայց իրենց մարտական ընկերոջը սատարող պաստառներով եւ դրոշներով հավաքվել են դատարանի բակում։ 

Նախորդ դատական նիստին տեղի ունեցած սկանդալից հետո, երբ ազատամարտիկների աբարձրացրած աղմուկի պատճառով դատավորը ստիպված էր եղել դադարեցնել նիստը, եւ հայտարարել էր, որ հաջորդ դատական նիստը դռնփակ կանցկացնի։ Այսօրվա նիստին մասնակցում են միայն լրագրողները եւ դատավարական կողմերը։

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը դռնփակ նիստի որոշում չի կայացրել, եւ դատական կարգադրիչները կամայականորեն են հայտարարում, որ դատարանի որոշմամբ է նիստը դռնփակ անցկացվում։

«Նման որոշում դատարանի կողմից չկա, եթե լիներ, լրագրողներին էլ չէին թողնի, միայն կողմերը կմասնակցեին»,-ասաց փաստաբանը։

Մեղադրող Վարդան Պապիկյանը շարունակում է կարդալ Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային ձայնագրությունների արձանագրությունները։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։