Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կպահանջի բանակցություններ ԱՀԿ-ի հետ` առեւտրային կազմակերպության գործընկեր երկրների օգտին փոխհատուցումների մասին, լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը` Սոչիում երկուշաբթի տեղի ունեցած ԵՏՄ խորհրդի նիստից հետո:
«Եթե Հայաստանը հաջողությամբ անդամացի մեր ձեւաչափին, համաձայնագիր ստորագրի եւ այն վավերացվի, ապա այն պետք է փոխհատուցումների մասին բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ», - ասել է նա:
Շուվալովը նշել է, որ Հայաստանը պետք է միանա միասնական մաքսային սակագնին, որն այսօր գործում է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տարածքում: «Դա կտարբերվի նրա (Հայաստանի) պարտավորություններից, որոնք ընդունել է ԱՀԿ շրջանակներում: Քանի որ Հայաստանի առեւտրային գոծընկերների համար իրավիճակը փոխվում է, ապա Հայաստանը ԱՀԿ ընթացակարգով պետք է սկսի բանակցություններ գործընկերների հետ», - բացատրել է առաջին փոխվարչապետը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նա ընդգծել է, որ մինչեւ ընթացիկ շաբաթվա ավարտը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները պետք է վերացվեն: Ինչպես եւ սպասվում էր, մինչեւ հուլիսի 1-ը պետք է պատրաստվի պայմանագիրը: «Այսօր քննարկվել են հստակ հարցեր, որոնք հարկավոր է հարթել»,- ամփոփել է Շուվալովը:
ԱՀԿ-ի հետ բանակցությունների կտրվածքով խոսք կգնա մի շարք ապրանքների հարցով Հայաստանի ԱՀԿ մտնելուց սահմանված մաքսադրույքների մասին, որոնք ավելի ցածր են ՄՄ երկրների եւ ապագա ԵՏՄ-ի մաքսային սակագներից:




























