Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեղադրել է ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեին՝ Ադրբեջանի օրենքները խախտելու մեջ:
«ԵԽԽՎ անդամները գործ ունեն օրենսդրության հետ, դա չի նշանակում, որ նրանք պետք է խախտեն եւ չհարգեն այլ անդամ երկրների օրենքները: Պարոն Ռուքեն անօրինական կերպով այցելել է օկուպացված տարածքներ»,-հայտարարել է Մամեդյարովը:
Նախարարը յուրահատուկ կերպով է պատասխանել Ադրբեջանում մարդու իրավունքների մասին հարցին՝ հայտարարելով, որ «ոչ ոք չի կարող ասել, որ աշխարհում գոյություն ունեն բացարձակ ժողովրդավարական երկրներ»:
Նույն ոճով նա անդրադարձել է լոբբիստների մասին հարցին: «Լոբբինգը Ադրբեջանում չի առաջացել: Լոբբինգը Ստրասբուրքում օգտագործում են բոլորը»,-ասել է նա:
Ավելին, նրա խոսքով, Ադրբեջանում գոյություն ունի ոչ միայն կրոնական հանդուրժողականություն, այլեւ այն գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, եւ կրոնական փոքրամասնությունները պաշտպանված են պետության կողմից:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում (վերջին րոպեին չեղյալ է համարվել ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեին տրված վիզան) ԵԽԽՎ-ն որոշել է առաջիկա 2 տարիներին հանդիպումներ չանցկացնել Բաքվում, սկսած 2014-ի հունիսի 1-ից:





























