Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին չեն հետաքրքրում արտաքին քաղաքական խնդիրները: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, Երևանի մամուլի ակումբի կողմից կազմակերպված «Հայաստանը և Եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի՞ արդյոք այլընտրանքային քաղաքական օրակարգ» թեմայով կլոր սեղանի քննարկման ժամանակ, որն ընթանում էր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հայտարարել է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչների համար, խոշոր հաշվով, մեկ է, թե ինչ ուղի է որդեգրում Հայաստանը՝ դեպի Եվրամիություն, թե Եվրասիական տնտեսական միություն: «Նրանք զբաղված են միայն նրանով, որ պահպանեն իրենց տեղը խորհրդարանում»,-վստահ է Զարուհի հովհաննիսյանը:
Նա դրանով է բացատրում պատգամավորների «լղոզված ու հակասական» դիրքորոշումները թե եվրոպական, թե եվրասիական ինտեգրման ուղիների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, հրապարակախոսի կարծիքով, տնտեսական տեսանկյունից Երեւանը պատրաստ չէ դրան, եւ Հայաստանը գործընկերային հարաբերություններ կառուցելու փոխարեն կարող է հերթական անգամ գործիք դառնալ Կրեմլի ձեռքում:





























