Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:

Հանրապետության Նախագահը եւ Ամենապատիվ Պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեության, ինչպես նաեւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի եւ նշանակության հարցերի շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն եւ հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ այն գալիք սերունդներին փոխանցելու գործում: Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում՝ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը՝ իր այդ կարեւորագույն առաքելության իրականացման ճանապարհին: