Ամենակարեւորը սերն է, խնդիրները պետք է լուծել սիրելով, ոչ թե թշնամությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողներին ասաց աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը, որը հանուն պատմամշակութային արժեք ներկայացնող 19-րդ դարի շենքի պահպանության դաշնամուրային բացօթյա համերգ է տալիս Աֆրիկյանների շենքի մոտ։
«Ես եկել եմ այստեղ, որ ասեմ՝ ամենակարեւոր բանը սերն է, պետք է սիրենք իրար։ Այս շենքը պատմություն ունի, այստեղ պատմության շունչը կա, եւ պետք է հարգել ու սիրել այն, ինչ մարդիկ արել են երկու դար առաջ»,- ասաց Համասյանը։
Երաժիշտը դեմ է, սակայն, խնդիրները թշնամանքով լուծելուն։ Նրա խոսքով՝ խնդրի երկու կողմերը պետք է փորձեն հասկանալ իրար։
«Այս էսպիսի բաներ պիտի չլինեն»,- ասաց Համասյանը՝ լսելով, ինչպես են ակտիվիստները ի նշան դժգոհության հարվածում շենքի պարսպին։
«Համենայն դեպս, Կոմիտասը որ էստեղ լիներ, չէր գա, էդպես զարկեր։ Հուսով ենք՝ Կոմիտասի աուրան ու էներգիան բացասական չեն ազդի էս ամենի վրա»,- ասաց Համասյանը ու սկսեց Կոմիտաս նվագել։
Նշենք, որ ոստիկաններն ակտիվիստներին թույլ չեն տվել դաշնամուրը շենքի բակ մտցնել։ Այն դրված է շենքի պարսպից դուրս՝ մոտ։
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։






Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











