Ստրասբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը ԵԽԽՎ-ի նիստում հնչել է բողոքի ցույցերի ֆոնին: Ադրբեջանցի մի խումբ քաղաքական աքսորյալներ Եվրոպայում այսօր բողոքի ցույց են կազմակերպել Ստրասբուրգի Եվրոպայի պալատի դահլիճում՝ Ալիեւի ելույթի ժամանակ:
Մտնելով դահլիճ եւ տեղավորվելով առաջին շարքերում՝ նրանք սեւ գործվածքով փակել են բերանները: Ցույցի մասնակիցները հագել էին Ադրբեջանում քաղբանտարկյալների լուսանկարներով շապիկներ: Այդ կապակցությամբ ելույթը ժամանակավորապես դադարեցվել է: Ավելի ուշ Ալիեւը շարունակել է ելույթը, փոխանցում է contact.az-ը:
Հիշեցնենք, հունիսի 23-ին Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանը, այն կտեւի մինչեւ հունիսի 27-ը:
ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում է ԼՂՀ-ի Սարսանգի ջրամբարի շահագործման հարցը: Նստաշրջանի առաջին օրը պատվիրակների առջեւ ԵԽ Նախարարների կոմիտեի անունից ելույթ է ունեցել կոմիտեի ներկայիս նախագահ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանը նախագահում է Նախարարների կոմիտեում՝ մայիսից մինչեւ նոյեմբեր ընկած հատվածում:





























