Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Իլհամ Ալիեւի տված պատասխանները բոլորովին Ադրբեջանի եւ այդ երկրի քաղաքական հեղինակությանը հօգուտ չեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԱԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ հայ պատվիրակների կողմից ճիշտ չէր լինի հարցեր ուղղել Իլհամ Ալիեւին, քանի որ եվրոպացի պատվիրակություններին տրված պատասխանները արդեն վկայում էին, որ խոսքը ոչ ադեկվատ մարդու մասին է: «Այդ իրավիճակում հարցեր տալը կնշանակեր եւ մեկ հնարավորություն տալ աղավաղելու հասարակական կարծիքը եւ խաղալ հերթական քարոզչական ներկայացումը: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի նախագահությունը չի պատշաճում Եվրախորհրդին: Ես պետք է ասեմ, որ ադրբեջանական նախագահի պահվածքը աննախադեպ էր. ԵԽ-ում աշխատանքի 10 տարիների ընթացքում ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ նախագահող երկրի նախագահը այսպիսի տոնով խոսեր պատգամավորների հետ եւ պատասխաներ նրանց հարցերին, », - ընդգծեց Նաղդալյանը: Նրա խոսքով՝ Ալիեւի հայտարարությունների ողջ ելեւէջումը ԵԱԽՎ-ի պատգամավորներին սպառնալու փորձ էր: «Ադրբեջանի նախագահը փորձում է օգտագործել ԵԱԽՎ-ում իր նախագահությունը հակառակորդների հետ հաշիվները մաքրելու համար, որոշակի կորսված դիրքերի վերականգնման նպատակով»:

Հերմինե Նաղդալյանը նաեւ հավելեց, որ անդրադառնալով սահմանին մարդկանց մահվան դեպքերին,  Ալեւը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ են նրան այդ հարցը ուղղում: «Այսինքն նշված հարցը իրապաես քննարկման առարկա է», - նկատեց ԵԱԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցային գործընթացներում ոչ կառուցողական է իրեն դրսեւորում, Հերմինե Նաղդալյանը ընդգծեց. «Ողջ համաշխարհային հանրությանը հայտնի է, կողմերից որն է  ապակառուցողական: Ալիեւը առարկայորեն ցույց տվեց, որ Ադրբեջանը այն երկիրն է, որը փորձում է խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱԽՎ-ի Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարուին մեղադրել էր Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար: Հունիսի 24-ին, պատասխանելով երկրում քաղբանտարկյալների մասին իռլանդացու հարցին, Ալիեւը հայտարարել էր, որ իր երկում «ընդհանրապես չկան քաղբանտարկյալներ»: Ոգեշնչվելով՝ Ադրբեջանը խաբեության մեջ էր մեղադրել Մեծ Բրիտանիայի պատվիրակ Փոլ Ֆլինին, ով «համարձակվել էր» խոսել Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումներ մասին: «Դուք ստում եք: Դա սուտ է», - հայտարարել էր Ալիեւը՝ հավելելով, որ իր երկրում եղել են «ազատ ու արդար ընտրություններ»: