Վերջին երկու օրերին ակցիաների ժամանակ ակտիվիստների նկատմամբ  ոստիկանների գործողություններն օրինական են, օրենքը ոստիկաններին թույլ է տալիս նման դեպքերում ուժ կիրառել: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Աֆրիկյանների տան մոտ լրագրողներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ակցիայի ժամանակ ոստիկաններն ամեն ինչ արել են բացառապես օրենքի շրջանակում: Ֆիզիկական ուժ կիրառելն օրենքով նախատեսվում է: Օրենքի սահմաններում կազմվում է համապատասխան ոստիկանական շղթա, փորձում են քայլել առաջ, քաղաքացիները ենթարկվելու փոխարեն հրում են ոստիկաններին: Ոստիկանները քայլում են առաջ՝ խնդրելով բացել ճանապարհը»,-ասաց փոխոստիկանապետը:

Հիշեցնենք, որ այսօր Աֆրիկյանների տան մոտ դաշնամուրային բացօթյա համերգ տվեց աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը՝ հանուն պատմամշակութային արժեք ներկայացնող 19-րդ դարի շենքի պահպանության: Տիգրան Համասյանի հեռանալուց հետո իրավիճակը Տերյան 11 հասցեում կտրուկ թեժացել էր, ակտիվիստները խփում էին շենքը պատնեշող թիթեղներին՝ ի նշան շենքի ապամոնտաժման դեմ բողոքի։

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։