Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ նախորդ օրը բողոքի ակցիայի ժամանակ գլխին եւ սրտին հարված ստացած Արա Կարագյոզյանը եւ եւս մի քանի տուժած ակտիվիստներ հաղորդում են ներկայացրել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում: Արա Կարագյոզյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ օրը իրենք Երեւանի վարչությունում բացատրություն են տվել, իսկ այսօր նրանց կանչել են հաղորդում տալու:
Հիշեցնենք, որ նախորդ օրը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ ակտիվիստների և ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներից 27-ը բերման էին ենթարկվել: Ակտիվիստներից երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:
«Այսօր հաղորդում եմ տվել, նաեւ դատաբժշկական փորձաքննություն եմ անցել: Երեկ հրաժարվեցին դատաբժշկական փորձաքննություն անկացնել, պատճառաբանում էին, որ հիվանդանոցից անհրաժեշտ է իմ բժշկական քարտը: Միայն այսօր, երբ դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, նրանց աշխատակիցն ինձ հետ եկավ, փորձաքննությունն անցկացրին»,-ասաց Արա Կարագյոզյանը:
Արա Կարագյոզյանն այսօր Աֆրիկյանների տան մոտ բողոքեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որ ոստիկանները նախորդ օրը Էլեկտրաէներեգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ իր քունքերից բռնել քաշել են, ինքն ուշաթափվել է, երեք րոպե ոչ մի ոստիկան իրեն չի մոտեցել:
«Իմ սրտի եւ գլխի ցավերից ես ամբողջ գիշեր չեմ քնել, ես հիմա ինչ միջադեպ տեսնում եմ, հոգեբանական սթրես եմ ապրում»,-ասաց Արա Կարագյոզյանը՝ նշելով, որ իրեն ոչ մի ոստիկան օրինական պահանջ չի ներկայացրել:
Վալերի Օսիպյանի խոսքով իրենք բոլոր ակտիվիստներին ներկայացրել են պահանջ, որ ակցիան անօրինական է: Փոխոստիկանապետի խոսքով՝ ակցիան նախաձեռնողները համապատասխան մարմիններից այն անցկացնելու թույլտվություն չեն ունեցել:
«Ակցիան չէր բխում Հայաստանի Հանրապետության հավաքների մասին օրենքից: Դա ինքնաբուխ ակցիա չէր, դուք նախապես պլանավորել էիք այն, ձեր կողմից դա քարոզվել է, թռուցիկներ է բաժանվել Երեւանի փողոցներում: Օրենքը նախատեսում է հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ եւ ստանայիք համապատսխան թույտվություն»,-ասաց Վալերի Օսիպյանը:
Հիշեցնենք, որ այսօր Աֆրիկյանների տան մոտ դաշնամուրային բացօթյա համերգ տվեց աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը՝ հանուն պատմամշակութային արժեք հանդիսացող 19-րդ դարի շենքի պահպանության: Տիգրան Համասյանի հեռանալուց հետո իրավիճակը Տերյան 11 հասցեում կտրուկ թեժացել էր, ակտիվիստները խփում էին շենքը պատնեշող թիթեղներին՝ ի նշան շենքի ապամոնտաժման դեմ բողոքի։
Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։











