ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ուրախ է, որ որոշ պատգամավորներ և լրատվական միջոցներ այնքան խոսելու և գրելու բան չունեն, որ կրկին սեւեռվում են «մի երիտասարդ մասնագետի» և այն խնդիրների վրա, որ տեղի են ունեցել դեկտեմբեր ամսին: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերին ՀՊՏՀ-ում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների և ուսանողների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Ես ուրախ եմ, որ ոլորտում ավելի լուրջ, կարևոր իրադարձություններ տեղի չեն ունեցել, և կպչուն միտք հիշեցնող տվյալ միջադեպը, որն ավարտվել էր ուսանողների կողմից լրագրողներին ներողություն հայցելով, դառնում է ձեզ համար հետաքրքրության թեմա»,-ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահում, որ լրագրողներին հայհոյած ուսանողը՝ Սեւակ Խաչատրյանը հավակնում է դառնալ բուհի պրոռեկտոր, նախարարն ասաց, որ նման հարցերը բուհն է կարգավորում։ Նա առաջարկեց որպես այդ թեմայի վերջակետ ընդունել ուսանողների ներողությունը, որը նրանք խնդրել էին լրագրողներից բաց նամակով։
«Ես կարծում եմ, որ եթե մենք ամնիստիայի մակարդակով տարաբնույթ ներողամտություններ ենք ցուցաբերում տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ այսօրվա որոշ քաղաքական գործիչների նկատմամբ, ապա կարող ենք այդ երեխայի կողմից արտաբերված ներողությունը ընդունել որպես թեմայի վերջակետ»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՊՏՀ-ում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը լուսաբանելու գնացած լրագրողներին ուսանողները թույլ չէին տվել մտնել պաշտպանության սենյակ` պատ կազմելով: Որոշ ուսանողներ հայհոյանքներ էին հնչեցրել լրագրողների հասցեին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











