Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տարաձայնություններ առաջացան Շանթ Հարությունյանի եւ ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի եւ նրա փաստաբան Արա Զաքարյանի միջեւ։
Շանթ Հարությունյանին բարկացրեց Արա Զաքարյանի ճառը, որում նա ասում էր, որ Տիգրան Պետրոսյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է, իսկ նրան կալանքի տակ պահելը անօրինական է։
Երբ փաստաբանը սկսեց ներկայացնել Տիգրան Պետրոսյանի արժանիքները եւ ուզում էր թվարկել նրա նկարահանած ֆիլմերի անունները, Շանթ Հարությունյանը տեղից գոռաց. «Տիկո, էս ի՞նչ եք անում, էս էստեղ ի՞նչ կապ ունի, ուզում ա՝ Սոս Սարգսյանը լինի, մի հատ երկուսդ եկեք էստեղ, խոսանք»։
Դատավորը 10 րոպեով ընդմիջում հայտարարեց։ Ընդմիջմանը Արա Զաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Շանթ Հարությունյանը ձգտում է պայքարել քաղաքական հայտարարություններով, մինչդեռ ինքը ցանկանում է պայքարել իրավական հարթությունում եւ չի ցանկանում գնահատական տալ Շանթ Հարությունյանի պոռթկմանը։
Ընդմիջումից հետո, երբ ամբաստանյալներին բերեցին նիստերի դահլիճ, Շանթ Հարությունյանը նորից սկսեց վիճել Տիգրան Պետրոսյանի հետ։
«Դու պայքարիր քաղաքական առումով, մենք՝ իրավական»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։
Այս պահին Արա Զաքարյանը շարունակում է իր ելույթը։ Նա միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակեն։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ այդ միջնորդության վերաբերյալ մյուս ամբաստանյալները կարող են կարծիք հայտնել։ Ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանը։
«Եթե դուք այսօր օրենքից կետեր եք մեջբերում եւ հավատում եք, որ նման կետերով հնարավոր է արդարություն, ուրեմն դուք հավատում եք, որ Սերժ Սարգսյանն արդար նախագահ է։ Բայց եթե հավատում եք դրան, ուրեմն դեբիլ եք, որ ինձ հետ դուրս եք եկել նոյեմբերի 5-ին, մենք այդ օրը դուրս ենք եկել պայքարելու դեգրադացված արժեքների դեմ։ Ես ձեզ ամենասկզբից էլ ասացի՝ պայքարեք ոնց ուզում եք, բայց մի նսեմացրեք ձեր արժանապատվությունը։ Ժամերով ճառ եք ունենում, բայց չեք նշում, որ սահմանադրական իրավունք ունեիք երթ անելու։ Արա Զաքարյան, հո Դուք մեր քննի՞չը չեք։ Ես հիմա սկսելու եմ ճշտել, թե ով է կոտրվել այս ընթացքում, ու միշտ պատրաստ եմ մենակ գնալ»,- ասաց Շանթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











