ԱՄՆ կոնգրեսի Հայաստանի հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Պալոնեն հունիսի 25-ին ընդունել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որն ավարտում է Վաշինգտոնում դեսպանի առաքելությունը՝ ինը տարի այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո:
«Դեսպան Մարգարյանն իր կյանքը նվիրել է Հայաստանի հասարակությանն ու ժողովրդին ծառայելուն: Վաշինգտոնում իր պաշտոնավարման ընթացքում նա հուժկու աջակցություն է ցուցաբերել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես նաեւ Կոնգրեսի կողմից ինչպես ԼՂՀ-ին, այնպես էլ Հայաստանին օգնելու հարցին»,- հայտարարել է Պալոնեն:
Կոնգրեսականը հայտարարել է, որ ինքը հպարտ է դեսպանի հետ աշխատելու համար: «Ես դեսպան Մարգարյանին եւ նրա ընտանիքին ցանկանում եմ ամենայն բարիք, եւ հուսով եմ, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կարեւոր հարաբերությունները կշարունակվեն հաջորդ դեսպանի հետ՝ առաջիկա երկար տարիներին»,- հայտարարել է կոնգրեսականը:
Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:





























