Ուսանողների համաիսրայելական ընկերակցությունը մտադիր է Թուրքիա այցելել մարդասիրական բեռներով՝ նախատեսված թուրքական կառավարության կողմից ճնշումների ենթարկվող հայկական եւ քրդական ազգային փոքրամասնությունների համար: Այդ մասին հայտարարել է ընկերակցության նախագահ Բոազ Տոպորովսկին:
Ներկայումս ակցիայի կազմակերպիչները համապատասխան նավ են փնտրում: Նավի հրամանատարն արդեն կա՝ Արիկ Օֆիրը՝ ՌԾՈւ վետերանների ընկերակցության անդամը: Նա համաձայնվել է մասնակցել Թուրքիայի դեմ մարդասիրական այցին՝ կամավոր սկզբունքներով, հաղորդում է izrus.co.il-ը:
Ուսանողները մտադիր են քրդերին եւ հայերին որպես օգնություն բժշկական սարքավորումներ եւ դեղամիջոցներ առաքել: Սակայն, Տոպորովսկու խոսքով, արշավի համար լրացուցիչ միջոցներ եւ մարդիկ են հարկավոր, որի ապահովմամբ էլ զբաղվում են իր ընկերները:
Տոպորովսկու ծրագրով, մարդասիրական նավը պետք է դուրս գա իսրայելական նավահանգիստներից մեկից շաբաթվա վերջին:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում հրատարակվող երկու հայկական թերթերի խմբագիրները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են, թե ներկայիս թուրք-իսրայելական դիմակայությունն ընդհանուր որեւէ բան չունի Թուրքիայի հայ համայնքի հետ: Ավելին, նրանք, անգամ այդ մասին չեն էլ մտածել:


























