Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում տեղի են ունենում Ուկրաինայի հայերի միության եւ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի կազմակերպած միջոցառումները, փոխանցում է AnalitikaUA.net-ը:

Ուկրաինայի հայերի միության մեկնարկած խորհրդաժողովում ՈՒՀՄ-ի նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ հայերը միշտ էլ պաշտպանել են այն հողը, որտեղ ապրել են:

«Մեր ժողովուրդը դարերով կառուցել է եւ արարել, եւ դրա ապացույցն են Ուկրաինայում  բազմաթիվ պատմական հուշարձանները: Եվ այսօր, երբ մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում, մենք առանց ավելորդ խոսքերի անում ենք մեզանից կախված ամեն ինչ՝ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար: Այդպես են վարվել մեր նախնիները, այդպես ենք վարվում նաեւ մենք»:

Միջոցառմանը ներկա են իշխանության, մտավորականության եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մարզային հայ համայնքների ղեկավարներ եւ Ուկրաինայի հայ երիտասարդների միության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից:

Հիշեցնենք, այս տարի լրանում է Հայկական Տիրամոր սրբապատկերի տոնի 223 տարին: Տոնը սահմանվել էր 1791 թ. հունիսի 27-ին՝ հայ արքեպիսկոպոս Հակոբ Թումանովիչի կողմից Կամենց Պոդոլսկում Սուրբ Նիկոլայ վերանորոգված եկեղեցու օծման օրը: 

Հայկական  Տիրամոր լեգենդար սրբապատկերը նույնականացրել են մասնագետները եւ այն պահվում է Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան Կիեւի արվեստների թանգարանում: