Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների առաջնահերթությունները: : Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված ՀՀ արդարադատության նախարարության հիմնական հանձնառությունները՝ Հովհաննես Մանուկյանը դեսպանին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ձեւաչափերն ու ուղղությունները:

Անդրադառնալով իրականացվող դատաիրավական բարեփոխումներին՝ արդարադատության նախարարը շեշտել է անկախ եւ պատասխանատու դատական իշխանության անհրաժեշտությունը: Երկուստեք կարեւորելով պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում՝ կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում էական բարեփոխումներ իրականացնելու հարցերը: Հանդիպմանը բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը եւ պատրաստակամություն է հայտնվել նպաստել դրա խորացմանն ու առավել արդյունավետ լինելուն: