2010թ. հունիսի 7-8-ին Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի Ֆրանսիա կատարվող պաշտոնական այցի կապակցությամբ Ֆրանսիայում գործող հայկական «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը (կենտրոնակայանը՝ Լիոն) նամակ է հղել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ներկայացրել է Վրաստանի կառավարության կողմից ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների փաստերը: Նամակում հատուկ անդրադարձ է արվել ջավախահայության իրավունքների համար պայքարող ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի հանգամանքներին՝ աղաղակող օրինախախտումներով ուղեկցվող նրա դատավարությանը եւ շինծու մեղադրանքերով 10 տարվա ազատազրկման դատապարտելուն:
Նամակի ավարտին «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը, նշելով, որ ֆրանսահայությունը գնալով էլ ավելի է մտահոգվում Վրաստանի հայության վիճակով, խնդրել է նախագահ Սարկոզիին միջնորդել իր վրացական պաշտոնակցի առջեւ՝ ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը դադարեցնելու եւ Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:


























