Սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին եւ Եվրոպային կարեւոր ազդանշան հղեց այն մասին, որ Հայաստանը դեռեւս ցանկանում է լինել մեր գործընկերը: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցարզույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ըստ նրա` Որոտանի ՀԷկ կասկադը ամերիկյան «Contour Global»-ին վաճառելու մասին որոշումը շատ կարեւոր է: «Էներգետիկան շատ կարեւոր հատված է: Մինչ այդ նշված հատվածում գերակշռում էին ռուսական ընկերությունները: Գործարք կնքելը լուրջ ազդանշան է, որ Հայաստանը ցանկանում է աշխատել մեզ եւ Եվրոպայի հետ, որ Հայաստանը բաց է ներդրումների համար», - ասել է դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում միշտ էլ եղել է տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, Հայաստան ներդրումներ ներգրավելը: «Հատկապես մարզերում կարեւոր է ավելի շատ հնարավորություններ ստեղծել` ամերիկյան ընկերություններին ներգրավելու համար: Ավելի շատ ներդրողներ ներգրավելու համար անհրաժեշտ է բարելավել բիզնես միջավայրը եւ թափանցիկությունը», - կարծում է նա: Ջոն Հեֆերնը հատկապես ընդգծել է Հայաստանի համար բաց երկնքի քաղաքականությունը ներդնելու նշանակությունը:





























