Ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի եւ հայերի նկատմամբ էականորեն չի փոխվի, հունիսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայում առաջին անգամ նախագահին ընտրելու է ժողովուրդը: «Եվ առաջին անգամ այդ պաշտոնին է հավակնում խարիզմատիկ մի առաջնորդ, որն ունի քաղաքական մեծ կապիտալ եւ Քեմալ Աթաթուրքից հետո խարիզմատիկ երկրորդ առաջնորդը դառնալու լուրջ հնարավորություններ: Կա կոնկրետ առաջնորդ` ի դեմս ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, եւ ընդդիմության միասնական թեկնածու` ի դեմս Էքմելեդին Իհսանօղլուի, որը զգալիորեն զիջում է Էրդողանին քաղաքականության եւ խարիզմայի տեսանկյունից, սակայն նա բավական բարձր կրթական ցենզ ունի, որից զուրկ է Էրդողանը», - նշել է Ռուբեն Մելքոնյանը: Նա կարծում է, որ Թուրքիայի ընդդիմության նպատակն է ոչ թե հաղթել նախագահական ընտրութուններում, քանի որ դա իրատեսական չէ, այլ աշխուժություն ցուցաբերել եւ ընդլայնել քաղաքական կապիտալը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կփոխվի Հայաստանի համար, եթե Թուրքիայի նախագահ դառնա Էրդողանը, թուրքագետը նշել է, որ Թուրքիայի քաղաքական սխեման, մենթալիտետը եւ քաղաքական հիմքերը հակահայ բնույթ ունեն: «Եթե նույնիսկ Բան Կի-Մունն ընտրվի Թուրքիայի նախագահ, միեւնույն է, Հայաստանի նկատմամբ այդ պետության վերաբերմունքը կշարունակի մնալ նույնը, քանի դեռ չեն փոխվել հայերի նկատմամբ գաղափարական մոտեցումները», - նշել է փորձագետը:





























