Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը տնտեսական ու մշակութային ոլորտներում: Նա կարեւորել է համագործակցության առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը եւ տնտեսական կապերի բազմազանության ապահովումը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է Միլանի նահանգի եւ Կոտայքի մարզի միջեւ ուղիղ կապերի հաստատման ու զարգացման կարեւորությունը` նպատակաուղղված փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել իտալական ընկերությունների ներդրումային կապիտալի ընդլայնումը Հայաստանում` կարեւորելով, մասնավորապես, Դիլիջանում ֆինանսական կենտրոնի կառուցումը: Բարձր է գնահատվել իտալացի մասնագետների մասնակցությունը Գյումրիում իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները քննարկել են հայ-իտալական տնտեսական փոխշահավետ գործակցության խորացման մանրամասներ: Հեռանկարային է համարվել համագործակցության ընդլայնումը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթեւ արդյունաբերության բնագավառներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զբոսաշրջության ոլորտում իտալական փորձի ուսումնասիրմամբ եւ կիրառմամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյը կարեւորել է Միլանի հայ համայնքի դերը հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Խոսելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի մասին` Բրունո Դապեյը տեղեկացրել է, որ 2006 թվականին նահանգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու փաստաթուղթ:


























