Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության մեջ մեղադրվող` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի համար մեղադրող Արմեն Շիրոյանը պահանջում է 22 տարվա ազատազրկում։

Այսօր՝ հուլիսի 2-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետմեղադրողը կարդաց իր մեղադրական ճառը, որում դատարանին միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով։

«22 տարին ի՞նչ է, ցմահ տայիք։ Աստծուց եք գտնելու, գառի դեմքով գայլեր եք»,- դատախազին դիմեց ամբաստանյալ Վահե Ղուկասյանը եւ բարկացած դուրս եկավ դահլիճից՝ չսպասելով, մինչեւ կհայտարարվի դատական հաջորդ նիստի օրը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատախազի ճառն իրարանցում առաջացրեց ամբաստանյալի հարազատների եւ ընկերների շրջանում, որոնք սկսեցին տեղից բղավել, թե չափից խիստ պատիժ է առաջարկվում։

Ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանից 6 օր ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար։

Նիստին ներկա էր նաեւ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որը ոչ մի կերպ չարձագանքեց մեղադրական ճառին։ Հիշեցնենք, որ մամուլn օրերս գրել էր, թե նախկին քաղաքապետի որդին, որը քրեական գործի շրջանակում երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, Հայաստանում չէ։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինն իր վրա են կրակել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն: