Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, մասնակցում է միջնորդական առաքելությանը՝  հաշտության ուղիներ գտնելու նպատակով, հուլիսի 2-ի ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրացման վտանգի մասին հարցին, հատկապես հունիսի 5-ին Նախիջեւանի սահմանին հայ երկու զինվորի զոհվելուց հետո, Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Փարիզը կողմերին կոչ է անում զերծ մնալ հակասական հայտարարություններից՝  վստահության մթնոլորտ հարթելու  համար, եւ կողմերին հրավիրում է ակտիվորեն նպաստել այդ մթնոլորտի ստեղծմանը:

Լորան Ֆաբիուսը նաեւ հիշեցրել է, որ Հարավային Կովկաս իր այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ՝ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

Հիշեցնենք նաեւ, որ Ֆրանսուա Օլանդը առաջարկել էր կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում: