Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կասկածում է դատական քննիչի անկողմնակալությանը, որն իրեն մեղադրել է կոռուպցիայի մեջ: Սարկոզին նաեւ հայտարարել է, որ հուլիսի 1-ին ձերբակալելը իրեն նվաստացնելու նպատակ էր հետապնդում:

«Ես երբեք չեմ չարաշահել ֆրանսիացիների վստահությունը: Երբեք հանրապետության սկզբունքներին հակասող արարք չեմ գործել»,- հայտարարել է Սարկոզին, ով հարցազրույց է տվել  TF1 հեռուստաալիքի եւ Europe1 ռադիոկայանի լրագրողներին, փոխանցում է RFI-ը:

«Ամեն ինչ արվեց նրա համար, որպեսզի իմ մասին իրականությանը չհամապատասխանող կարծիք ստեղծվի… Ես ցնցված եմ կատարվածից եւ ոչ մի արտոնություն չեմ պահանջում: Եթե  սխալներ եմ գործել, պատրաստ եմ կրել դրանց հետեւանքների բեռը, ես պատասխանատվությունից չեմ փախչում», - ասել է Նիկոլա Սարկոզին: