Երկու երիտասարդի կյանք խլած՝ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պահին Հակոբյանների մեքենան կանգնած է եղել Եղվարդի ճանապարհից դուրս՝ հողածածկ գոտում, իսկ Վարդան Պետրոսյանը վարել է մեր արագությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս պատմեց տուժող Արթուր Հակոբյանը:
«Եղվարդի կողմից գալիս էինք Աշտարակ ես, եղբայրս երեխաների հետ, երեխաները երգում էին լավ տրամադրությունով, մինչեւ Աշտարակ թեքվելը ձեն առա մեքենայիցս, ուզեցա կանգնեմ: Մտել եմ, կանգնել եմ հողածածկ գոտում, դիմացի մասը թեթեւ դեպի Աշտարակի կողմը, երեխեքը տեղյակ չեն եղել՝ ինչի ենք կագնել, մի քանի հատ գազ եմ տվել, կողային հայելիներով նայեցի, որ լույս է տալիս, տեսա, որ շատ արագ ա դալիս, երկու վայրկյան ասեցի թող գա անցնի նոր, մի քանի վայրկյանում հասավ մեզ, արագությունը կլիներ հարյուր հիսուն, ես 25 տարվա ստաժ ունեմ ես տենց վթարի մեջ եղած չեմ: Ամենաքիչը հարբած մարդու գործ է, վթարի ժամանակը լուրջ մարդը չի գնա հետեւից խփելու, լուրջ մարդը կամ աջ, կամ ձախ կաներ, ինչ խոսում ա, սուտ ա»,- պատմեց Հոկոբյանների մեքենայի վարորդը:
Արթուր Հակոբյանը պատմեց, որ «Շտապօգնության» մեքենայում իր կողքին եղել է Վարդան Պետրոսյանը, որտեղ տեսել է, որ նա սթափ չէ.
«Իրա հոգու խորքում ինքը լավ գիտի, որ արագ ա քշել, համ խմած ա եղել, էդ մի քանի վայրկյան ա եղել:Երեխեք, բան ես չեմ տեսել, շորերս ճղեցին, որ սրսկեն մինչեւ հիվանդանոց հասնելը, նոր ուշքի եկա, տեսա կողքս նասիլկայի վրա մեկը պառկած ա , ասի՝ էս ո՞վ ա, ասեցին՝ Վարդան Պետրոսյանն ա, Ձեր մեքենային հարվածողն ա, ասեցի՝ իմ համար մեկ ա, հասեք օգնության, ասեցի՝ օգնություն հասցրեք իրան, ես ի՞նչ գիտեի, որ իմ երկու երեխեն չկան էլ: Իմ խմածությունը ստուգել են՝ համ «Արմենիա» բժշկական կենտրոնում, համ «Շտապօգնության» մեքենայում: Իսկ իրան չէին էլ կարողանում նստացնեն, ձեներ էր հանում, բան»:
Արթուր Հոկոբյանն ասաց, որ իրեն բարկացնում են Վարդան Պետրոսյանի պաշտպանի արած հայտարարությունները. «Ինքն ա դաժե զարմանում իրա դատապաշտպանի ասածից, ինքը հո գիտի՝ ինչը ոնց ա եղել»:
Հակոբյանի խոսքով՝ ինքը օրինապահ վարորդ է եւ մինչեւ այսօր երթեւեկության ոչ մի խախտում չի կատարել.
«Որ ասում են՝ առանց կողային հայելի եմ քշել, դա բացառվում է։ Ես մի վայրկյան չեմ քշել, եթե կա օրինական տասը վարորդ, դրանից մեկը ես եմ, հարցրեք, տեսեք՝ ես էդ դրած կամերաներով ոչ մի խախտում չունեմ, չգիտեմ ՃՈ-ն որն ա»։
Երբ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը սկսեց հարցեր տալ եւ փորձում էր ավելի կոնկրետ հասկանալ՝ որտեղ է կանգնած եղել իրենց մեքենան, Արթուր Հակոբյանը բորբոքվեց. «Ինքը ինը ամիս կյանքներս ուտում ա, հիմա էլ ինչ հարցեր ա տալիս, մարդկությունը դրել ա կողքը, ո՞ւր ա ընդեղ մարդ»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։











