Գերմանիայի Բունդեսթագի հուլիսի 3-ի հանդիսավոր նիստին հիշատակվել են 1915 թվականի  հայկական ջարդերը:

Հուլիսի 3-ին  Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունեցել  հատուկ նիստ: Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը:

Լամմերտը բացման իր խոսքում նշել է, որ Առաջին աշխարհամարտը նշանավորվել է Հաբսբուրգյան եւ Օսմանյան կայսրությունների մայրամուտով եւ ազդադարել նոր դարաշրջանի սկիզբը, ինչպես նաեւ այն միաժամանակ պատերազմական նոր օջախներ է ստեղծել Բալկաններում եւ Կովկասում: Լամերտը որպես օրինակ է բերել հայերի ջարդերը՝ նշելով, որ հայերի արտաքսումն ու ոչնչացումը պատերազմ վարելու միջոց դարձրին տեղահանումն  ու զանգվածային սպանությունները:

Իր ամփոփման խոսքում Ն. Լամմերտը, անդրադառնալով երկու աշխարհամարտերի հետեւանքների հաղթահարման դժվարին գործընթացին, այն դիտարկել է համաեվրոպական ինտեգրացիոն ծրագրի համատեքստում եւ ընդգծել է, որ եվրոպական օրինակելի փորձը՝ վերջ տալու բռնությունը հիմնական խորհուրդն է մնում անցած հարյուրամյակի ընթացքում տեղի ունեցած երկու աշխարհամարտերի հիշատակը միասնաբար հարգելու համար:

Բունդեսթագի հանդիսավոր նիստին մասնակցել են ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը, դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորներ, ԳԴՀ սահմանադրական դատարանի նախագահը, ինչպես նաեւ պատվավոր հյուրերի կարգավիճակով` Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեքերը եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’էսթենը, իսկ որպես հիմնական բանախոս Փարիզից հրավիրված է եղել հրեական ծագումով  դոկ. պրոֆ. Ալֆրեդ Գրոսսերը, ով ծնվել է 1925թ.Գերմանիայում, սակայն 1933թ. նացիոնալ- սոցիալիստների կողմից արտաքսվել էր  եւ բնակություն հաստատել Ֆրանիսայում: