Ռումինիայի հեղինակավոր համալսարաններից մեկում` Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանում այս տարվա սկզբին հիմնված Հայագիտության ինստիտուտն սկսել է իր գործունեությունը: Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին Բաբեշ-Բոյայ համալսարան այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի եւ Հայագիտության ինստիտուտի նախաձեռնող եւ ղեկավար դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Ռումինիայում հայագիտության ավանդույթները վերականգնելու մասին` հաշվի առնելով այդ բնագավառում կուտակված ծավալուն նյութը եւ դրանք կենտրոնացնելու ու գիտական ուղղվածություն տալու անհրաժեշտությունը: Ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը պատրաստակամություն հայտնեց այդ, ինչպես նաեւ կրթական եւ գիտական այլ ծրագրերի շուրջ համագործակցություն հաստատել Հայաստանի կրթահետազոտական հաստատությունների հետ: Ըստ դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի, ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի եւ ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլեւ հայոց պատմության հարցերով գիտական կապեր զարգացնել Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ բալկանյան այլ երկրների հետ` այդպիսով դառնալով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հայագիտության կենտրոն: Այդ հարցերի շուրջ դեսպան Գասպարյանը եւ Նաստասե-Կովաչը նույն օրը մտքեր փոխանակեցին նաեւ Ռումինական ակադեմիայի Կլուժի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Նիկոլաե Էդրոյուի եւ Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջանի (Tudor Salagean) հետ:
Որպես Հայագիտության նորաբաց ինստիտուտի առաջին հանրային ձեռնարկ, նույն օրը Բաբեշ-Բոյայի համալսարանում, Միջազգային հարաբերությունների եւ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ» խորագրով քննարկում դեսպան Գասպարյանի եւ Լուչիան Նաստասե-Կովաչի մասնակցությամբ, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի քանի տասնյակ անդամներ, ուսանողներ եւ լրագրողներ: Դեսպան Գասպարյանը հայոց ցեղասպանությունը, այն ծնող պատճառները եւ դրա իրականացման մեխանիզմները ներկայացրեց պատմական լայն հենքի վրա` մասնավորապես ընդգծելով դրա ծանր հետեւանքները, ինչպես նաեւ ներկայացրեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ նախաձեռնությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Կլուժում գտնվելու ընթացքում դեսպան Գասպարյանն այցելեց նաեւ տեղի Հայոց միության կենտրոն:





























