Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

Նկատի առնելով, որ Արգենտինայի նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Արգենտինայի նախարարների խորհրդի նախագահ Խորխե Կապիտանիչը, պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսը, սոցիալական զարգացման նախարար Ալիսիա Կիրչները, գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Լինո Բարանյայոն, պետական եկամուտների վարչության պետ Ռիկարդո Դանիել Էչեգարայը, այլ պաշտոնատար անձինք:

Ամադո Բուդուն ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, թե ուրախ է արձանագրելու, որ Հայաստանի նախագահի այցը տարածաշրջան սկսվում է Արգենտինայից, ինչը, նրա համոզմամբ, ոչ միայն հայ-արգենտինյան բարեկամության, այլեւ այդ բարեկամությունը գործնական հարթություն տեղափոխելու երկկողմ փոխադարձ պատրաստակամության եւ վճռականության վկայությունն է, որի ուղղությամբ մինչ այս Արգենտինայի նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները մեծ աշխատանք է կատարել: Ամադո Բուդուն կարեւորել է այցի արդյունքներով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որն ավելի կամրապնդի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ կապերը մի շարք ոլորտներում:

Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլեւ ազդեցիկ համայնք է եւ մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում: Նա ընդգծել է, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը եւ այն հանգամանքին, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, իսկ Արգենտինան համեմատաբար երիտասարդ, երկու ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն, եւ միջպետական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ափսոսանք հայտնելով, որ նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հնարավորություն չունի մասնակցելու բանակցություններին: Սերժ Սարգսյանը շուտափույթ կազդուրում եւ քաջառողջություն է մաղթել Արգենտինայի նախագահին:

Խոսելով հայ-արգենտինյան հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության Նախագահի երրորդ պաշտոնական այցն է Արգենտինա, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահները մշտապես կարեւորել են Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացումը եւ իրենց պարտքն են համարել այցելել բարեկամ երկիր ու այդ առիթով նաեւ երախտագիտություն հայտնել հայ ժողովրդի եւ, հատկապես, Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

«Իմ պաշտոնական այցը Արգենտինա կայանում է Ձեր երկրի անկախության տոնի նախօրեին, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արգենտինայի իշխանություններին եւ ժողովրդին, մաղթում հաջողություններ: Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարեւորում, եւ ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ եւ մեր հարաբերությունները զարգանում են նաեւ բազմակողմ ձեւաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը եւս մեծապես կարեւորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով, շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առեւտրատնտեսական հարաբերությունների վրա:

Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար եւ ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:

Սերժ Սարգսյանը մեր ժողովրդի եւ իր անունից երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին եւ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ընդունման համար:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության եւ ԱՀ կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության եւ ԱՀ կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ԱՀ գիտության, տեխնոլոգիայի եւ արդյունաբերական նորարարությունների նախարարության միջեւ գիտական եւ նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության եւ ԱՀ կառավարության միջեւ հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաեւ հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

Այսօր Հանրապետության նախագահն այցելել է Սան Մարտինի հրապարակ եւ ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպում ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում այսօր կայացել է նաեւ հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ: Օրվա ավարտին նախագահը հանդիպում կունենա նաեւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: