Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին իր կուսակցության խորհրդարանական խմբակցության համաժողովի ելույթում քննդատել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Իսրայելի հարցում ընդամենը շոու կազմակերպելու մեջ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դեւլեթ Բահչելին ելույթի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իսկ Իսրայելի կողմից թուրքական նավի նկատմամբ իրականացված գործողությունները համարել որպես հարձակում թուրք ժողովրդի դեմ։
Ըստ Դեւլեթ Բահչելիի՝ անցած 7 օրում թուրքական իշխանությունները բացի հայտարարություններից եւ կեղծ նախաձեռնություններից, որեւէ լուրջ քայլ չեն կատարել։ «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն վայրերում, որտեղ հնարավոր էր արժանանալ ծափերի, այսինք՝ Իսրայելի դեմ հայտարարություններ անելուց, օդանավակայանում սպանվածների դիակները դիմավորելուց եւ վիրավորներին հիվանդանոցներում այցելելուց բացի լուրջ նախաձեռնություն չի ցուցաբերել»,-նշել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը։



























