Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում վերջին շրջանում հակառակորդի կողմից հաճախակիացած կրակոցներից վնասված տները գյուղացիները հնարավորություն չունեն վերանորոգելու: Մովսես գյուղի բնակիչ Ալբերտ Փոլադյանը NEWS.am-ին պատմեց, որ գյուղում տասնյակ այդպիսի տներ կան:
«Էս քանի օրը շատ մարդկանց տներին կրակել են, բայց գումար չունեն, որ տունը սարքեն: Նրանք հող մշակելով են ապրում, բայց հիմա դա էլ չեն կարողանում, քանի որ հենց արտ են մտնում, կրակում են: Մի քանի օր առաջ էլ տուկ էր վառվել կրակոցից»,- պատմեց Ալբերտ Փոլադյանը՝ նշելով, որ ինքն էլ է հող մշակում, եւ պատահում է, որ կրակոցների պատճառով չի կարողանում մտնել իր այգի:
Մարդիկ երբեմն վախով կարողանում են մտնել այգի, բայց տեխնիկա այգի մտցնելը միշտ խնդիր է:
«Կրակոցները շատացել են, արդեն սահմանն անցնում են: Անձամբ ես արտ ունեմ, որտեղ կոմբայնը չմտավ, դե էդ մարդն էլ տուն տեղ ունի, հասկանալի ա»,- պատմեց Ալբերտ Փոլադյանը:
Գյուղացիները տարբեր կերպ փորձում են խուսափել կրակոցներից, սակայն, ըստ Արմեն Փոլադյանի, չեն լքում գյուղը. «Լույսերն անջատում ենք, որ չիմանան՝ որտեղ մարդ կա, որտեղ՝ չկա: Նրանք կրակում են եկեղեցու գմբեթին, դպրոցի շենքին, իմ տան վրա էլ են կրակել: Չնայած վախենում են, բայց չեն լքում գյուղը»:
Ծնունդով Մովսեսից, Վերին Կարմիրաղբյուր գյուղում բնակվող Արմինե Ավագյանը NEWS.am-ին պատմեց, որ Մովսեսում՝ իր հայրական տանը, երեք անչափահաս երեխա կա, որոնցից ամենափոքրը երրորդ դասարանում է սովորում ու պատահել է, որ թշնամու գնդակը հենց նրա կողքին է ընկել:
«Դաշտում խաղալիս ա եղել, եկել ա, կողքին վեր ընկել: Մի անգամ էլ մեր տան մոտ խաղալիս ա եղել, եկել, կողքին չխկացել ա: Երեխեն ասում ա՝ մամ, էն ի՞նչ չխկաց: Արդեն գլխի ա: Մայրիկն ասում ա՝ քնի, ասում ա՝ մամա, վախում ես՝ լսեմ, վախե՞մ»,- պատմեց Արմինե Ավագյանը: Նրա խոսքով՝ կրակոցներից վնասվել է նաեւ իր հայրական տան շենքը:
«Առաջին հարկին կպել ա, ծակել ա, անցել, դռան մեջ մնացել»,- ասաց Արմինե Ավագյանը:
Նա պատմեց նաեւ, որ հունիսի 26-ին Մովսես գյուղի դպրոցում շրջանավարտների ավարտական երեկոյից հետո, երբ աշակերտները դուրս են եկել արեւածագ դիմավորելու, թշնամին կրակել է դպրոցի վրա ու վնասել շենքը. «Ժամը 4-ն է եղել: Երեւի նկատել են, որ երեխեքը դուրս են եկել արեւածագը դիտելու, այ էդ ժամին էլ կրակել են»:
Մովսեսի բնակիչ Ալբերտ Փիլումյանի խոսքով՝ վիճակից դուրս գալու միակ միջոցը համախմբվելն է ու հակահարված տալը: «Մենք պիտի չվախենանք եւ մեր հողն ու ջուրը պահենք: Ուղղակի նախարարությունը պետք է թույլատրի, որ մենք հակահարված տանք, եթե նրանք մեկն են կրակում, մենք պիտի տասը կրակենք»,- ասաց նա:











