ՀՀ վարչական դատարանում այսօր՝ հուլիսի 8-ին, «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանի դեմ ՀՀ ոստիկանության ներկայացրած հայցով դատական նիստի ավարտին, միջադեպ տեղի ունեցավ գործով փաստաբան Տիգրան Եգորյանի, լրագրողների եւ դատարանի կարգադրիչի միջեւ. փաստաբանը պաշտպանում էր լրագրողներին, որոնց դատական կարգադրիչը թույլ չէր տալիս նկարահանել իրեն եւ դատավարության կողմերին նույնիսկ դատական նիստից հետո:
Կարգադրիչը հրաժարվում էր ներկայանալ, փախչում էր տեսախցիկներից՝ փակելով խցիկը, եւ փաստաբանին կանչում էր դրսում խոսելու: Երբ փաստաբանը նրան խնդրեց ներկայանալ, կարգադրիչն ասաց. «Արի դուրս, կասեմ՝ ով եմ ես»։
Դրանից հետո կարգադրիչը հեռացավ, իսկ որոշ ժամանակ անց նորից հայտնվեց եւ սպառնաց Տիգրան Եգորյանին. «Մենք դեռ կհանդիպենք», իսկ երբ տեսավ, որ իրեն կրկին նկարահանում են, հեռացավ՝ լրագրողներին «հիվանդ» անվանելով:
Փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարգադրիչն իրավունք չուներ խոչընդոտել լրագրողի տեսալուսանկարահանելու իրավունքը. «Դատավորը սահմանափակել էր տեսանկարահանումը, բայց նիստը փակված հայտարարվելու պահից այդ սահմանափակումը չի գործում այլեւս, եւ լրագրողն իրավունք ունի այդ սենյակում գտնվող ցանկացած անձի տեսանկարահանելու»:
Տիգրան Եգորյանին դատարանում մոտեցան եւս մի քանի կարգադրիչներ, որոնցից մեկը փաստաբանին առաջարկեց առանձին զրուցել, փաստաբանը չհամաձայնեց։
Փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպի վերաբերյալ գրություն է ուղարկելու, որպեսզի կարգադրիչների վերադասները համապատասխան միջոցներ ձեռնարկեն:
«Այսօր տեսանկարահանված գրեթե բոլոր կարգադրիչները փողոցային պահվածք էին ցուցաբարում՝ չէին ներկայանում, չէին պատասխանում իմ հարցերին, հրաժարվում էին բացահայտել այն անձի իքնությունը, որը սահմանափակում էր լրագրողի նկարահանելու իրավունքը: Սա խայտառակություն է, հանրային ծառայություն իրականացնող պաշտոնյայի համար անթույլատրելի է»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը Վարդան Գերավետյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայց է ներկայացրել՝ նշելով, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բնակիչների բողոքին միացած ակտիվիստը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը: Նշենք, որ ՀՀ վարչական դատարանում այսօր՝ հուլիսի 8-ին, դատավոր Արման Թովմասյանը լրագրողներին արգելեց տեսանկարահանել դատական նիստերը:











