Ոստիկանները նոյեմբերի 5-ին սադրել են Շանթ Հարությունյանին եւ ամբաստանյալներին, եւ դիտմամբ նրանց հունից հանել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Շանթ Հարությունյանը։

«Ոստիկանն իրավունք չունի պրովոկացիա անի, ես դեպքից հետո խնդրեցի, որ քննչական գործողությունները կատարի երրորդ մարմին, ճիշտ է՝ իրենք էլ պատվեր կկատարեին, բայց մեկ ա՝ դա մերժեցիք։ Ստացվում ա՝ ոնց որ երկու թիմ ֆուտբոլ խաղան, մի թիմի մարզիչը դառնա սուդյան։ Դա քաղաքական հաշվեհարդար էր, ոստիկանները պրովակացիա են արել. իրանց ընկերներն էլ գործը կոծկել են։ Սենց ա՝ ԿԳՆ-ն զակազ ա իջացնում, ոստիկանը բռնում ա, քննիչները միակողմանի քնություն են անում, դատավորն էլ հաստատում ա»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Շանթ Հարությունյանը անդրադարձավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վերջերս արած այն  հայտարարությանը, թե կան ակտիվիստներ որոնք, ոստիկանների հետ վեճ են հրահրում, որ հետո եվրոպական երկրներից ապաստան խնդրեն։

«Դա ասում են՝ ունենալով էդ պրակտիկան. ոստիկաններն ինձ հունից եկել, հանել են. հո ես ռոբո՞տ չեմ, թող հայտարարեն, որ ոստիկանը կարա սադրի։ Էդ օրը գալիս ա, ինձ հունից հանում, հետո ասում ա՝ ինձ մի հայհոյի, ու էլ չի լսում ինձ, ասում ա՝ էս էր ինձ պետք ու գնում ա, դա իրեն ինչի՞ ա պետք, քննիչները դա պարզե՞լ են»,- ասաց ամբաստանյալը։

Շանթ Հարությունյանը պահանջեց, որպեսզի դատարան հրավիրվի Վալերի Օսիպյանը եւ պատմի, թե ինչ է նոյեմբերի 5-ին առանձին ասել իրեն.

«Օսիպյանը կարող ա՝ ասել ա ինձ, որ հեսա պրովոկացիա ենք անելու, տանենք, տղուդ ու քեզ սպանենք, կարող ա՝ դա չի ասել, բայց քննիչները պարզե՞լ են, թե ինչ ա ասել։ Այս գործը քաղաքական է, ես իրավականով չեմ տանելու։ Օսիպյանին ինչի՞ չեն հարցրել՝ Շանթի հետ առանձնացաք, ի՞նչ էիք խոսում, կարող ա՝ գա, ասի՝ հա, Վովան, Սերժը կանչել, ասել են՝ գնա, Շանթին պրովոկացիա արա, կանչեք, թող տենանք՝ ինչ կասի, հետո ես կասեմ՝ ինչ ա ասել։ Ես մինչեւ երթը գիտեի, թե ինչ են անելու, դրա համար տղերքին ասել եմ ՝ տղերք, եթե կռիվ սարքեն, պիտի աբառոտկա ֆռանք, ինչքան կարանք։ Ինչ արել եմ, ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ, էլի եմ անելու։ Էս տղերքի հետ մի հարցում ենք համակարծիք եղել, էն հարցում, որ իշխանությունները կոտրում են ժողովրդին, նրանք սրիկաներ են, պետք է հեռանան՚»։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Վալերի Օսիպյանը հրավիրվելու է դատարան։

Նշենք, որ դատարանն այս փուլում հետազոտում է գործով առկա ապացույցները, այսօր շարունակում են դիտել մեղադրանքին կից ներկայացված տեսագրությունները։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):