«Բանդայի գործով» ամբաստանյալ Սամվել Դավթյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 9-ին կայացած դատական նիստին հայտարարեց, որ ինքը որեւէ ավազակային հարձակման չի մասնակցել:
Մեղադրողը կարդաց ամբաստանյալ Սամվել Դավթյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ հակասություն նկատեց նրա դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում: Նախաքննության ընթացքում մեղադրյալը ցուցմունք էր տվել, որ մասնակցել է ավազակային հարձակումների, իսկ դատաքննության ընթացքում հերքեց այն:
Դատավորի հարցին, թե ինչ կասի նախաքննական ցուցմունքի մասին, Սամվել Դավթյանը պատասխանեց, որ ստորագրել է իր կյանքը փրկելու համար։
«Ես չեմ նշել ոչ մի հասցե ու անուն, այդ բազան ոստիկաններին հայտնի էր, իրենք էլ գրել են: Այդ պահին ինձ համար կարեւոր էր կյանքս փրկել, դրա համար էլ ստորագրել եմ ցուցմունքի տակ: Ինձ համար կարեւոր էր, որ որեւէ մեկի հանդեպ զրպարտանք չլիներ այդ ցուցմունքում, էդ պահին եթե Քենեդու սպանության համար մեղադրանք առաջադրեին, ստորագրելու էի»,-ասաց Սամվել Դավթյանը, որն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն վատ է զգում եւ խնդրեց նստած տեղից խոսել:
Մեղադրողի հարցին, թե ինչու մեղադրյալը, ունենալով պաշտպան, նաեւ հարուստ քրեական անցյալ, չի հայտնել իր նշած խոշտանգումների եւ կտտանքների մասին, մեղադրյալը պատասխանեց, որ ինքը բազմիցս իր պաշտպանի հետ դիմել է բազմաթիվ ատյանների, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
«Ոչ մի անգամ չասեցին՝ մի հատ քննիչ ուղարկենք, տեսնենք՝ էս տղեն ինչ ա ասում, ինչի սենց եղավ, բայց ոչ մեկ ոչ մի անգամ չհետաքրքրվեց»,-ասաց Սամվել Դավթյանը:
Նրա փաստաբանն էլ նշեց, որ իր պաշտպանյալի խոշտանգումների ենթարկվելու հարցով իրենք դիմել են նաեւ ՀՔԾ, սակայն ընթացք չի տրվել իրենց դիմումին:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։











