Տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերները առաջին հերթին վերաբերում են ներքին կյանքին: Դա տարածաշրջանի երկրների հարաբերական աղքատությունն է, որ չնայած տարբեր մակարդակների, մնում է տնտեսությունների եւ քաղաքացիների հիմնական խնդիրը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, նշված խնդրին հավելվում են պատերազմի կամ ռազմական ընդհարումների վտանգը, Հարավային Կովկասի քարտեզի տարբեր տեսլականները: Մասնավորապես՝ ինչ-որ մեկը Կովկասում ընդունում է պետությունների այլ քանակություն, մեկ ուրիշը՝ այլ: «Անձամբ ես ելնում եմ իրողություններից եւ կարծում եմ, որ ինչպես Աբխազիան, այնպես էլ Հարավային Օսիան, նախքան Ռուսաստանի կողմից ճանաչվելը, փաստացի անկախ պետություններ էին: Նույնը նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ոչ ոք նրանցից այլ կերպ, քան ուժով չի կարող վերցնել այդ անկախությունը: Իսկ դրա կիրառման դեպքում ես վստահ չեմ, որ կստացվի դա անել»,- ասել է Զատուլինը:

Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով, ներկա իրողությունների դեպքում անհրաժեշտ է համագործակցության այնպիսի ձեւերի անցնել, որոնց դեպքում սահմանները կարեւոր չեն լինի: Նման համատեքստում պետք է անցյալում թողնել ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները, շրջափակումները: