Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 9-ին մասնակցել է «DigiTec Business-2010»  3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի բացմանը:  Վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպվող ֆորումն անցկացվում է «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն ընդգծել է ավանդական դարձած բիզնես-ֆորումի կարեւորությունը եւ արդյունավետությունը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:

Վարչապետը  կարեւորել է կառավարության որոշմամբ ՏՏ ոլորտի հռչակումը որպես առաջնահերթություն եւ ոլորտում աճի արձանագրումը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Մատնանշելով «DigiTec Business-2010» ցուցահանդես-ֆորումին մասնակցող ձեռնարկությունների թվի ավելացման կարեւորությունը` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, եւ մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը եւ գների նվազումը: Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան: Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ոլորտի մասնագետների կողմից բարձրացվող հարցադրումների մի մեծ ցանկ, եւ վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը»:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել տեղական ու միջազգային ընկերությունների ներկայացրած ապրանքներին եւ ծառայություններին:

Հունիսի 9-10-ն անցկացվող ֆորումը, կազմակերպված  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, կոչված է նպաստելու տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) կիրառմանը: Դրա շրջանակներում նախատեսվում է նաեւ տեխնոլոգիական սեմինարների, թեմատիկ կլոր սեղանների եւ «Start up» ֆորումի կազմակերպում:  Առանձին տաղավարով ներկայացվել էին նաեւ Հայաստանի նախարարություններում եւ գերատեսչություններում կիրառվող ՏՀՏ միջոցները եւ էլեկտրոնային կառավարման համակարգերը: Ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի հասել է 35-ի: Բացմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիման: