Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում առաջին պայթյունը եղել է երթեւեկելի գոտում, երբ ոստիկան Գեղամ Խաչատրյանը փորձել է փողոցից դուրս հանել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց գործով տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը։
«Ազատության հրապարակում հասարակական կարգ պահպանելու նպատակով էի ներգրավվել ծառայության։ Երթի դուրս եկած մոտ 150 հոգի փորձում էին դուրս գալ երթեւեկելի գոտի, մոտ 30 հոգի դուրս էր եկել փողոց։ Ուժեր մոտեցրեցինք, որպեսզի դուրս մղենք նրան։ Գտնվել եմ Մաշտոցի պողոտայում՝ դեպի ծառայողական մուտք տանող խաչմերուկում։ Հստակ դուրս էին եկել երթեկելի գոտի եւ խախտում էին երթեւեկությունը։ Մենք էլ փորձում էինք պահպանել այլոց սահմանադրական իրավունքը։ Պայթուցիկներ տրաքացրին, աչքերս մռմռում էին, ոտքերիս տակ էլ պայթուցիկներից տրաքացրեցին եւ չէին ենթարկվում մեր օրինական պահանջին, ու սկսվեց քաշքշուկը»,- ասաց ոստիկանը։
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանի հարցին՝ արդյոք բարձրախոսով դիմել են երթի մասնակիցներին եւ պահանջել դուրս գալ երթեւեկելի գոտուց, ոտիկանը պատասխանեց. «Ոչ, դրա անհրաժեշտությունը չէինք գտնում»։
Մեղադրյալ Շանթ Հարությունյանի հարցին՝ տեսել է արդյոք ոստիկանը, որ ինքը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրուցել է մինչեւ երթի դուրս գալը, ոստիկանը պատասխանեց. «Բավական ժամանակ է անցել, չեմ հիշում, հնարավոր է»։
Ոստիկանը նաեւ ասաց, որ երթի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։
Անդրանիկ Առաքելյանը նաեւ չէր հիշում, թե կոնկրետ ով, ինչ գործողություն է կատարել, բայց հիշում էր, որ Շանթ Հարությունյանի կողքին եղել է մարզական համազգեստով տղամարդ.
« Չեմ մտաբերում, թե սպիտակ սպորտային հագուստով երիտասարդն ինչ գործողություններ է կատարում, բոլորն իրար էին քաշքշում էին, այդ թվում նաեւ ինքը։ Հիշում եմ մի քաղաքացիական հագուստով մարդու, որն ասում էր, որ ինքը ոստիկան է։ Մենք պահանջում էինք, որպեսզի երեթեւեկելի գոտուց դուրս գան, բանավոր ենք սկզբում ասել, հետո հրելով փորձել ենք դուրս հանել»,- ասաց Անդրանիկ Առաքելյանը։
Հարցին, թե արդյոք երթը խաղաղ էր, նա պատասխանեց. «Այո»։
Տուժող Անդրանիկ Առաքելյանի հարցին, թե մասնավորապես ինչպես է տուժել ինքը՝ ոստիկանը պատասխանեց. «Մարմնական վնասվածք չեմ ստացել, շորերս չեն պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել, ուղղակի արցունքակալել են»։
Դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











