Հայաստանի Ազգային ժողովում սկսվել են Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել նախատեսող «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթների քննարկումները։
Քննարկումներն ընթանում են հանդուրժողականության մթնոլորտում։ Օրինագծի հեղինակ, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես միշտ, չի կորցրել իր անվրդովությունը, իսկ նրա ընդդիմախոսնեւրը՝ չափի զգացումը։ Նախարարին հարցեր են ցանկացել տալ, ընդհանուր առմամբ, 10 պատգամավորներ։ Հարցերը հիմանականում կրկնում էին իրար եւ վերաբերում նրան, թե քանիսն են լինելու օտարալեզու դպրոցները եւ որ դասարանից սկսած է կրթությունն իրականացվելու օտար լեզվով։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Աշոտյանը բոլոր հարցերին միանման պատասխաններ է տվել։ Նա հատկապես ընդգծել է, որ օրինագծի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանությունն է։ «Հայաստանում մասնավոր դպրոցների ստեղծումը կրթական համակարգի զարգացման խթան կդառնա, քանի որ օտարերկրյա ներդրողները իրենց միջոցները կներդնեն Հայաստանի կրթության զարգացման գործում»,- նշել է նա։
Ինչպես ասել է նախարարը, փաստաթղթում նախատեսվում է, որ օտարալեզու դպրոցների թիվը պետք է սահմանափակ լինի։ Յուրաքանչյուր լեզվով դպրոցների քանակը չպետք է անցնի հինգից, դրանք պետք է լինեն մասնավոր եւ կրթությունն էլ չպետք է իրականացվի պետական բյուջեի հաշվին։ Նրա խոսքով, փաստաթղթում նշված է, որ բոլոր հայագիտական առարկաները կդասավանդվեն հայերենով։
«Օրինաց երկիրը» կողմ է արտահայտվել օրինագծին, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ կողմ կքվեարկի, եթե փաստաթղթում լրացում մտցվի այն մասին, որ օտարալեզու կրթությունը կիրականացվի ավագ դպրոցում, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ դեմ են արտահայտվել։
Նշենք, որ քննարկումներին զուգահեռ՝ շարունակվել է օրինագծի հակառակորդների բողոքի ցույցը։ Նրանք կրկին պահանջել են խորհրդարանի օրակարգից հանել օրինագծերը։


























