«Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալներին անարդարացի են դատապարտել 12 տարվա ազատազրկման, իսկ դատապարտյալ Արման Խաչատրյանն ընդհանրապես մասնակից չի եղել եւ տեղյակ չի եղել հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, որն այսօր՝ հուլիսի 14-ին, կրկին նախագահի նստավայրի մոտ էր գնացել՝ պահանջելու վերանայել գործով դատավճիռը։

«Միասնական դիտավորությունը ոչ թե տղաներինն էր, այլ բժիշկներինը, որոնք սուտ ցումունք են տվել: Էդ դեպքի օրը՝ գիշերը, Արման Խաչատրյանը զանգել ա Գարիկին, հարցրել՝ ի՞նչ կռիվ ա եղել «Հարսնաքարում», դե դուք եզրակացություններ արեք, Արմանին էլ հավասար 12 տարի են տվել»,- ասաց Նունե Մարգարյանը:

Նունե Մարգարյանի խոսքով՝ Հայաստանում անկախ դատարաններ չկան, «դատավորներին վերեւից  ճնշում են». «Մի հատ լավ ասացվածք կա է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։ Սա վերաբերում էր «Հարսնաքարի» այս վեց տղաներին: Ես մեծ ակնկալիք ունեի Վերաքննիչ դատարանից: Դատավոր պարոն Չիչոյանը դատի օրը դատախազին նենց տուպիկ մտցրեց, ուզեց լուսավորություն մտցնել այդ գործի մեջ,  բայց էլի վերեւից ճնշեցին: Ինքը նենց հարցեր տվեց, որ դատախազ Մարուխյանը չկարողացավ պատասխան տա՝ կոպիտ ասած՝ ճզմեց սոկովիժիմալկի նման: Մարուխյանը կարմրել էր»:

Դատապարտյալի մոր կարծիքով, իր որդուն չպետք է 12 տարվա ազատազրկման դատապարտեին, քանի որ «նա մարդ չի սպանել, միայն մարմնական միջին վնասվածք է հասցրել տուժող Արտակ Բայադյանին»:

Նունե  Մարգարյանը 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկտուքի եւ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան համար մեղավոր չի համարում նաեւ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին:

«Իմ տղեն իրա նեղ տեղում էլի ասում ա, որ ինքը մեղավոր չի, մամա: Իրանից մենք ոչ մի հրաման չենք լսել: Տեսեք, թե Ռուբեն Հայրապետյանին ինչքան բան արեցին եւ ինչ ձեւով կեղտոտեցին»,- ասաց Նունե Մարգարյանը:

NEWS.am-ի այն հարցին՝ խոսել է արդյոք մայրը որդու՝ Գարիկ Մարգարյանի հետ, Նունե Մարգարյանը պատասխանեց. «Անձամբ իմ տղան շատ անտրամադիր ա, հոգեպես շատ կոտրված ա: Աստված չանի՝ իմ տղու մազը ծռվի, ես ունեմ, չունեմ՝ էդ մի տղեն ունեմ, մենակ մայր մեծացրել եմ:  Ոչ մեկ արժանի չի իմ արցունքերին, էսօր անտերի նման ես ընկած եմ վարձով: Իմ տղեն մենակ մի բան է  ասում՝ մամա ջան, ոչինչ, կնստեմ դուրս կգամ»:

Տիկին Նունեն դատավճռի հրապարակումից հետո գրեթե ամեն օր նախագահի նստավայրի մոտ է գնում՝ որդու նկատմամբ դատավճիռը վերանայելու պահանջով։ Հայաստանի դատական բոլոր ատյաններին դիմելուց հետո նա եւ գործով մյուս դատապարտյալների հարազատները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նունե Մարգարյանը շարունակում է հայտարարել, որ «արդարության չհասնելու դեպքում» պատրաստ է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ ինքնահրկիզման։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Հունիսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստաբանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան: