ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը Հայաստանի Ազգային ժողովում հարցում է արել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել պետության գնային քաղաքականությունը գազի շուրջ, նաեւ վերահսկողությունը գազի ներկրման եւ օգտագործման վրա, ներկայացնել «Հայռուսգազարդ» ընկերության ֆինանսական աուդիտն ու վճարված հարկերի քանակը, քանի որ գազի սակագնի բարձրացումը զգալի ազդել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

Ինչպես նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կուսակցությունն իսկապես մտահոգված է այդ հարցերով, եւ իրենց հարցումը քաղաքական ենթատեքստ չունի:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, պատասխանելով ՀՅԴ-ի հարցին, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, թե գազի սակագնի բարձրացումը սոցիալական կարեւորության հարց է եւ ազդում է երկրի մրցունակության վրա, հատկապես այն համատեքստում, որ Հայաստանը սեփական էներգակիրներ չունի եւ ստիպված է ներկրել:

Նրա խոսքով, տարիֆային քաղաքականությունը պայմանավորված է հենց այդ գործոնով, եւ պետությունը փորձում է ընդհանուր առմամբ զուսպ քաղաքականություն վարել գնագոյացման հարցում:

Պատասխանը, սակայն, չբավարարեց ՀՅԴ-ին, եւ Մինասյանը կրկին բարձրացրեց հարցը, թե ինչու է Հայաստան 180 դոլարով ներկրվող գազը սպառողներին հասնում երկու անգամ թանկ: Կուսակցությունն առաջարկել է, որ կառավարությունը 60 օրում տվյալներ ներկայացնի Հայաստանում գազի ոլորտի վերաբերյալ:

Նշենք, որ «Հայռուսագազարդի» սպառողներ են հանրապետության մոտ 85 տոկոսը: