Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանից մասնակցելու համար վիզայի համար դիմել են ավելի քան 20 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն։
«Հայաստանում վիզայի համար դիմել են քսան մարդ, նույնիսկ առաջնության սկսելուց հետո էլ են եղել դիմումներ։ Թե ինչպես են նրանք ժամանակ անցկացրել, ոչ մի տեղեկություն ես չունեմ, ոչ մի կոնկրետ տեղեկություն։ Սակայն հետագայում հնարավոր է՝ մենք տրամադրենք այդ մարդկանց անունները, բայց հիմա եկեք այս հարցը թողնենք անպատասխան»,- ասաց նա։
Նշենք, որ ըստ մամուլի՝ Հայաստանից Բրազիլիա մեկնել են տասը քաղաքացի, այս պահին հայտնի է միայն ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի անունը։





























