Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի, Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ «Հայարտուն» մշակութային կենտրոն:
Hmanoukian.com-ի փոխանցմամբ դեռ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան եղած ժամանակ՝ Հովհաննես Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգեւոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվելու Սուրբ Գեւորգ եկեղեցու շինարարական աշխատանքների ներկա վիճակով:
Սրբազանը նախարարին ներկայացրել է, որ արդեն իսկ կատարվել են եկեղեցու ամրացման եւ մասնակի վերակառուցման աշխատանքներ, սակայն եկեղեցու ներքին վերականգնումը առջեւում է: Նա հույս է հայտնել, որ հիմնանորոգումից հետո Սուրբ Գեւորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ եւ պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:
Սուրբ Գեւորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների եւ ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի եւ Գեւորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գեւորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել էր 1924 թվականին:





























