Հայաստանը դեռւես երկու տարի առաջ էր հայատարերել, որ ընդունում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակացությունների հիմք, իսկ Ադրբեջանը երկու տարի անց փորձում է ձեւացնել, թե ինչ որ բան է ընդունել: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանը հրաժարվում է ընդունել մադրիդյան փաստաթուղթը:

«Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ բնականաբար բանակցային գործընթացի առանցքային հարցը դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Դրա մասին են վկայում նաեւ լ’Աքվիլայի հայտարարությանը հաջորդած մադրիդյան փաստաթղթի գլխավոր սկզբունքների հրապարակումը, որտեղ ասվում է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի ազատ արտահայտմամբ»,- նշել է Նալբանդյանը եւ հավելել. «Ադրբեջանական պաշտոնյաները ասելով թե Ղարաբաղին կտրամադրվի բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, այդպիսով  փորձում է կանխորոշել Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքները, դրանով իսկ մերժելով ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:

Ըստ նախարարի՝ Ադրբեջանը նաեւ մերժում է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:  «Բաքուն մերժում է այդ կապակցության համաձայնագրի ստորագրումը, հրադադարի ամրապնդման եւ շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին ԵԱՀԿ կողմից արված առաջարկությունները: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի շարունակվող պատերազմի սպառնալիքներին, ապա դրանով նրանք ոչ միայն չեն նպաստում, այլ նաեւ ուղղակի տապալում են բանակցային գործընթացը»:

Նալբանդյանը նշել է, թե Ադրբեջանը կառչում է միայն մեկ սկզբունքից` տարածքային ամբողջականության` անտեսելով մյուս սկզբունքները, «այն մեկն էլ իրենց սեփական մեկնաբանությամբ`Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ բարձրացնելու մասին են խոսում»: «Բայց բոլորն էլ լավ հասկանում են, որ Արցախի ժողովուրդը երբեք, այլեւս երբեք չի հանդուրժի ադրբեջանական դրոշը պարտադրումը Ղարաբաղին: Այդ փորձերի մեջ անգամ գնում են պրիմիտիվ կեղծիքների` օրինակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից նամակի հորինմանը»,- նշել է Նալբանդյանը՝ նկատելով. «Գեբելսյան ոճով ամեն անգամ նույն ստերը կրկնելով փորձում են խաբել միջազգային հանրությանը, բայց մինչ այսօր հասել են միայն սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելուն»: