2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած ոստիկան Վահան Վրթանեսյանը, ըստ գործում առկա փաստաթղթերի, դեպքի օրը միաժամանակ կարողացել է երեք գործողություն կատարել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Armtoday կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստին հայտարարեց մեղադրյալ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը գործում առկա ապացույցների եւ փաստաթղթերի հետազոտումից հետո:
«Ըստ մեքենայի զննության արձանագրության, ոստիկանական ավտոմեքենան, որով Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել դեպքի օրը, զննել են Վրթանեսյանի ներկայությամբ, զննությունը սկսել են օգոստոսի 24-ին, ժամը 16:35-ին, եւ ավարտվել 17:05-ին: Բայց գործում առկա է Վահան Վրթանեսյանի բացատրությունը, որը նա սկսել է տալ 17:00-ին եւ ավարտել է 19:20-ին: Ինչպե՞ս նույն մարդը կարող էր միաժամանակ տարբեր գործողություններ կատարել՝ բացատրություն տալ լեյտենանտ Խաչատրյանին եւ զննության մասնակցել: Վրթանեսյանն այդ ժամին այլ գործողություն էլ է կատարել: Ըստ գործում առկա փաստաթղթի՝ 17:00-ից մինչեւ 17:22-ը նրան բժշկական օգնություն են ցուցաբերել»,- հակասությունները ներկայացրեց Լուսինե Սահակյանը:
Դատախազը, ընթերցելով մեքենայի զննության արձանագրությունը, ասաց, որ ոստիկանության ավտոմեքենայի հետեւի նստատեղի եւ ձախ բռնակի վրա առկա են եղել արյան հետքեր, դատակենսաբանական փորձաքննության արձանագրությունն էլ ցույց է տվել, որ դա Արգիշտի Կիվիրյանի արյունն է:
«Վահրամը Վրթանեսյանը զննության ժամանակ հայտարարեց, որ Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկվելիս հարվածել է Վրթանեսյանի ձեռքին եւ ապա դեմքով հարվածել բռնակին՝ նշելով, որ հայտնելու է, որ ոստիկաններն են իրեն հարվածել»,- ընթերցեց դատախազը:
Պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ արձանագրությունից պարզ չէ, թե հստակ որտեղ են եղել արյան հետքերը, եւ զարմացավ, թե ինչպես կարող են մեքենայում չլինել Վրթանեսյանի արյան հետքերը, եթե հիմք է ընդունվում տուժողի ցուցմունքը, ըստ որի, Կիվիրյանը կծել է իր ձեռքը:
«Ոչ մի տրամաբանող մարդ չի կարող ասել, թե մեկ անգամ բռնակին հարվածելիս միանգամից արյուն կգար եւ կհայտնվեր բռնակին: Իսկ ո՞ւր են Վրթանեսյանի ձեռքի արյան հետքերը, եթե Արգիշտին կծել է: Սա խոսում է այն մասին, որ այդ վնասվածքը հնարավոր է, որ ունեցել է մինչեւ այդ դեպքը, կամ ստացել մեքենայից իջնելիս: Վրթանեսյանի արյունը ինչո՞ւ չկա մեքենայում: Արյունը կարող էր լինել Կիվիրյանի հագուստի կամ Վրթանեսյանի հագուստի վրա, քննիչը ինչո՞ւ չի դրանք վերցրել հետազոտման: Եթե վերցներ հագուստները, կհիմնավորվեր այն, որ արյունահոսություն չի եղել»,- հայտարարեց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դեպքի օրը տուժողը բացատրագրում չի նշել այն մասին, որ Արգիշտի Կիվիրյանը կծել է իրեն. «Այն, որ Արգիշտի Կիվիրյանը պետք է կծի կամ պետք է ինքնավնասում կատարի իմացել է ավելի ուշ, դրա համար նշել է իր հետագա ցուցմունքներում»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 12-ին»
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):











