Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 16-ին, ներկա է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
NEWS.am-ի այն հարցին, թե հետեւել է արդյոք Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստերին եւ արդյոք խախտումներ է նկատել, պատգամավորը պատասխանեց . «Մնացական Մարտիրոսյանի վարած դատական նիստերին հետեւելու կարիք չունեմ, ես ասել եմ, որ Շանթ Հարությունյանին եւ իր խմբին համարում եմ քաղբանտարկյալներ։ Ի՞նչ կարելի է անկնակալել ապօրինի իշխանությունից կամ ապօրինի դատարաններից, ես Մնացական Մարտիրոսյանի վարած դատական նիստին լուրջ չեմ վերաբերվում»։ Հիշեցնենք, որ հենց Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 2010թ. դատարանը Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի գործով դատապարտեց 7 տարվա ազատազրկման։
Հարցին, թե իր դատական նիստին մասնակցելը արդյոք նշանակում է, որ նա ընդունում է Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների բողոքի ձեւը, Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությանում, այսօր հաստատված է ապօրինի իշխանություն, եւ քաղաքացիները իրավունք ունեն Հայաստանում օրինականությունը վերականգնել իրենց միջոցներով եւ ձեւերով։Կապ չունի, թե ես ինչ-որ բանի հետ համաձայն եմ, թե ոչ, դա չի նշանակում, որ մարդկանց իրավունքները պետք է քննարկել՝ ըստ իմ համաձայնության»։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):











