Նոյեմբերի 5-ի գործով մեղադրյալ, Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ փորձել է հեռախոս փոխանցել ամբաստանյալ Վարդան Վարդանյանին, ոստիկանները դա նկատել են եւ արձանագրություն կազմել, որը դատարանի դահլիճում ընթերցեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատավորը անչափահաս Շահենի մորը՝ Ռուզաննա Բադալյանին նախազգուշացրեց, որպեսզի հետեւի, որ Շահենն այլեւս նման բան չանի, քանի որ «դա կարող է բերել անբարենպաստ քայլերի»։

Ոստիկաններն առգրավված հեռախոսը հանձնել էին դատավորին։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Շահեն Հարությունյանը հեռախոսը փորձել էր փոխանցել թաշկինակի մեջ փաթաթած։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը թեեւ Նոյեմբերի 5-ի գործով անցնում է որպես մեղադրյալ, սակայն անչափահաս լինելու պատճառով կալանավորված չէ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, դատական նիստն ընդմիջվել էր ամբաստանյալ Շանթ Հարությունյանի եւ ցուցմունք տվող ոստիկանի միջեւ վիճաբանության պատճառով։  Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընմիջումից հետո նիստը վերսկսելուց առաջ հայտարարեց, որ ամբաստանյալ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառում է նախագուշական սանկցիա։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):