ՌԴ Քննչական կոմիտեի ուշադրությունը գրավել է համացանցում հայտնված  տեսանյութը եւ մամուլի լուրերը, ըստ որոնց՝ բժիշկը բռնություն է գործադրել հղի կնոջ նկատմամբ:

Տեսանյութում լավ երեւում է, թե ինչպես է բժիշկը բռնում երիտասարդ կնոջ ձեռքից եւ հրելով փողոց դուրս բերում, այնուհետեւ անվրդով վերադառնում հիվանդանոցի շենք:

Սոցցանցերում տեղեկացնում են, որ դեպքը կատարվել է հուլիսի 9-ին Լոմոնոսովի փողոցի Սեւերոմորսկի պոլիկլինիկայում: Կինը հղիության 6-րդ ամսում է գտնվում: Ըստ տվյալների՝ ապագա մայրը պոլիկլինիկա էր եկել ընկերուհու հետ: Նա ցանկանում էր իր ամուսնու համար ճշտել ֆլյուրոգրաֆիայի կաբինետի աշխատանքային ժամերը: Նա դիմել է  գլխավոր բժշկին, քանի որ մյուս բժիշկը տեղում չի եղել:

 «Գլխավորը հայտարարել է, որ չի պատրաստվում զեկուցել, թե իր աշխատակիցները երբ աշխատավայրում կլինեն եւ պահանջել է լքել սենյակը: Հղի կինը խնդրել է նման ձեւով  չխոսել՝ հավելելով, որ կբողոքի: Երբ աղջիկները արդեն հեռանում էին, միջանցքում նրանց հետեւից հասել է գլխավոր բժիշկը եւ կտրուկ քաշել հղի կնոջ ձեռքից, ինչի արդյունքում վերջինս ընկել է: Երիտասարդ կինը վազել է փողոց, բայց տղամարդը կրկին հասել է հետեւից եւ ապտակել»,- ականատեսների պատմածն է մեջբերում  «ՍեւերՊոստ»-ը: