Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը դիտարկում է Քարվաճառի շրջանի բնակիչներին զինելու հարցը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց ՀՀ կենտրոնական հավաքակայան այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով NEWS.am-ի այն դիտարկմանը, որ ադրբեջանական վերջին դիվերսիոն խմբի ներթափանցման համատեքստում ակտիվացել են բնակիչներին զինելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։
«Այս տարածքը յուրահատուկ է նրանով, որ բնակիչների մի մասը պայմանագրային զինծառայողներ են, որոնք բոլորն էլ զինված են: Հիմա պաշտպանության բանակի հրամանատարությունը քննարկում է, որ պայմանագրային զինծառայողներին թույլատրեն իրենց հետ զենք-զինամթերք պահել նաեւ իրենց բնակավայրերում, որպեսզի կարողանան այդպիսի իրավիճակներում արագ արձագանքեն»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:











