«Եզրագծից այն կողմ» սերիալից հայտնի դերասան Կարեն Մկրտչյանը 2013թ. դեկտեմբերին իր վրա հարձակում գործած անձի եւ ֆեյսբուքյան էջում մի քանի շաբաթ առաջ «Կարեն Մկրտչյանը շառլատան է, որը խաբեությամբ կերել է իրեն հանգանակած 80,000 եվրոն» գրառման հեղինակ Գեւորգ Ալեքսանյանի միջեւ կապ է տեսնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դերասանը։
«Ես այդ կապը միանշանակ տեսնում եմ, սակայն, հստակ չեմ կարող ասել, որ դա նույն մարդն է, բայց դա նույն արյունն ունեցող մարդ է։ Այսինքն, նրանք չար մարդիկ են։ Ես վստահ եմ, որ եթե նույն մարդն էլ չի, ապա նույն խելքի մարդիկ են, եւ մեծ ցավ եմ ապրում, որ մեր ազգում կան նմանները»,-ասաց դերասանը։
Կարեն Մկրտչյանի խոսքով, ինքը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած այդ գրառմանը պատասխանելով, արդեն իսկ «ընկել է ծուղակը»։ Նրա կարծիքով, բուժման համար գումար հանգանակած մարդկանց որեւէ հաշվետվություն տալու կարիք չկա։
«Ես ինչ-որ մի տեղ փաստաթուղթ ստորագրե՞լ եմ, որ ես պարտավորվում եմ վերցնել գումարը եւ փոխարենը տալ ձեզ հաշվետվություն։ Ո՛չ, մարդիկ ինձ սիրելով, հարգելով, իմանալով իմ կենսագրությունը՝ նվիրաբերել են իրենց գումարը՝ 10 դրամից մինչեւ 5000 դոլար, եւ ինձանից ակնկալել են մի բան, որ ես գնամ, բուժված հետ գամ»,- վրդովված ասաց դերասանը։
Բուժման ծախսերի փաստաթղթերը ներկայացնելու, բացատրություններ տալու պահանջները, դերասանի կարծիքով, ստորացուցիչ են։
«Ես ուզում եմ հասկանամ, թե ինչի պիտի ես պատմեմ իմ էպիկրիզի մասին։ Ես այնքան վատ եմ ինձ զգում, վիրավորված ու ստորացված, որ ես պիտի շորս բարձրացնեմ, ցույց տամ, թե որտեղ են վիրահատություն արել. դա իմ անձնականն է։ Վերջին հաշվով ես ուռոլոգիական խնդիրներ էլ ունեմ, ի՞նչ անեմ, հանվեմ, կանգնեմ՝ մարդիկ ոտքից գլուխ նայե՞ն ինձ»,- ասաց Կարեն Մկրտչյանը։
Կարեն Մկրչտյանն իր փաստաբանների միջոցով դիմել է ոստիկանություն՝ պատժելու իրեն «զրպարտողներին»։ Դերասանի շահերը իրավական հարթակում ներկայացնելու են «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Դավիթ Հունանյանը եւ Վահագն Դալլաքյանը։
Փաստաբանները նշեցին, որ Կարեն Մկրտչյանի փաստաթղթերը լիարժեք են, եւ ցանկացած անձ դրանք կարող է ձեռք բերել՝ հարցում անելով գերմանական կլինիկային, որտեղ բուժվել է դերասանը։











