Գեղարքունիքի եւ մի քանի այլ մարզերի տարբեր գյուղերի հարյուրից ավելի հողօգտագործողների գույքն արդեն 3 տարի է՝ կալանքի տակ է, քանի որ բերք չստանալու պատճառով նրանք չեն կարողացել սերմացուն իրենց տարամադրած կազմակերպությանը վերադարձնել սերմացուի գումարը: Մոտ 7 տասնյակ հողօգտագործողները, մեծ մասը՝ Վարդենիսի շրջանից, իրենց բողոքը ներկայացնելու համար այսօր՝ հուլիսի 17-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ:

«Կառավարության որոշմամբ փոխառության պայմանագրով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, մեկին երկուս հարբերությամբ սերմը տվել է մեզ:  Մենք ստացել են 1 կգ, պետք է 2 կգ հետ տայինք: Բայց «Սերմերի գործակալությունը» էլիտար սերմնացուի փոխարեն էլիտար զիբիլ է տվել, ցանել ենք, բերք չենք ստացել, հիմա բոլորիս դատի է տվել, բոլորիս տունը, մեքենան, դրամական միջոցները կալանքի տակ են, չենք կարողանում անգամ երկրից դուրս գնալ, երեք տարի է, չենք կարողանում հող մշակել»,-NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Վարդան Հայրապետյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են կալանքից հանել իրենց գույքն ու պատասխանատվության ենթարկել իրենց «փչացած» սերմ տրամադրած կազմակերպությանը:

Հողօգտագործողը պատմեց, որ իրենք նախորդ տարի դիմել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, արդյունքում հասել են նրան, որ Վերահսկիչ պալատը ուսումնասիրել եւ պարզել է, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությունում գործող «Սելենա Ստավրապոլյա» ՍՊԸ-ից պետք է ձեռք բերեր աշնանացան ցորենի էլիտար վերարտադրության սերմացու եւ այն ներմուծեր ՀՀ, մինչդեռ դրա փոխարեն նա սերմացուն ձեռք է բերել ՌԴ «Հացահատիկային ընկերությունների միավորում» ԲԲԸ-ից:

Հողօգտագործողները բողոքեցին, որ այժմ իրենց գործերը դատաքննության փուլում են, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, որը սերմացուները տրամադրել է 700 դրամով, հայցով դիմել է դատարան եւ հետ է պահանջում ամբողջ գումարը՝ 420 դրամով: 

«Ամբողջ օրը դատարաններում ենք, հարկադիրներում ենք, որ մի օր մի բան կալանքի տակից հանենք, դնենք, վարկ վերցնենք, որ ցանք անենք»,-ասաց Վարդան Հայրապետյանը:

Հողօգտագործողների խոսքով՝ իրենք կառավարության տված սերմնացուից այլեւս  չեն օգտվի. «Մեզ Կառավարության ոչ մի բանն էլ պետք չի՝ ոչ սերմը, ոչ սայլարկեն»:

Կառավարության մոտ հավաքված հողօգտագործողներին որոշ ժամանակ անց ընդունեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սակայն ինչպես NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Հարապետյանը, նախարարը զիջումների  չի գնացել, փոխարենը առաջարկել է, որպեսզի նրանք դիմումներ գրեն՝ նշելով ժամանակահատվածը, որի ընթացքում կկարողանան վերադարձնել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի գումարը: Նրա խոսքով՝ նախարարն ասել է, որ այդ դեպքում իրենց գույքը կալանքից կհանվի։

Վարդան Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք չեն պատրաստվում դիմումեր գրել, քանի որ վստահ չեն, որ կկարողանան այդքան գումարը հետ տալ:

«Մենք 420 դրամով պետք է վերադարձնենք գումարը, բայց 500 դրամից ավելի ծախս ենք արել այդ սերմնացուի վրա: Այսինքն այդպես մենք տուժում ենք, այնինչ հիմա արդեն 3 տարվա չփակած վարկեր ունենք»,-ասաց հողօգտագործողը: