Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի հետ Պաշտպանության նախարարը պայմանավորվածություն ունեցել է, որը նա խախտել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, պատասխանելով NEWS.am-ի հարցին, ասաց ՀՀ կենտրոնական հավաքակայան այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

 «Մենք պայմանավորվել ենք հանդիպել, որ համապատասխան առաջարկություններ տանք զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ, այն զինծառայողների, որոնք կենսաթոշակային տարիքում են: Ես երբեք չեմ ասել, որ  այդ պամանավորվածությունը չկատարելու համաձայն  են նրան ձերբակալել: Պայմանավորվածությունը մեր մեջ է եղել, որը նա խախտել է, բայց նաեւ ինքը այլ խախտում է արել, որի համար ինքն այսօր պատասխան է տալիս»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք նախարարը համոզված է, որ իրականում խախտում  եղել է, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ եթե պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի «քրեական գործը ընթանում է, հասել է դատարան եւ բոլոր ապացույցները կան, ապա դա բերում է այն համոզման, որ Վոլոդյա Ավետիսյանը խախտում կատարել է»:

Նշենք, որ այսօր դատարանը հրապարակելու է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը: Մեղադրող Վարդան Պապիկյանը 6 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել Վոլոդյա Ավետիսյանի համար:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։